вторник, 31 марта 2015 г.

ՈՒՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՊՐԵՆՔ






Երբ մարդկանց հարցնում ենք, թե ինչի՞ համար են սնվում, նրանք ասում են, որ ապրելու համար։ Բայց այդ ինչպե՞ս է լինում, որ ուտում ենք ապրում ենք, իսկ եթե չուտենք չենք ապրի։ Հիմա փորձենք գտնել այդ հարցի պատասխանը։


 Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 15-20 % սպիտակուցներ,60-65 % ջուր,0,6 % ածխաջրեր,19 % ճարպ, 5,8 % աղեր։ Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով։ Բնականոն աճի, ֆիզիկական և մտավոր աշխատանք կատարելիս, ջերմաստիճանը պահպանելու, քայքայված բջիջների վերանորոգման համար անհրաժեշտ  բոլոր նյութերն օրգանիզմը ստանում է սննդով և ջրով։ Սննդամթերքներն օրգանիզմում ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման, առաջանում են պարզ միացություններ, որոնք ներծծվում են արյան և ավշի մեջ, յուրացվում բջիջների կողմից և օգտագործվում կառուցողական ու էներգիական նպատակներով։ Սննդի այդպիսի մշակումը կոչվում է մարսողություն։ Մարսողությունը սկսվում է բերանի խոռոչում ածխաջրերի ճեղքավորումով՝ պտիալին ֆերմենտի ազդեցությամբ։ Բերանի խոռոչում մարսողության ժամանակ կարևոր նշանակություն ունի նաև թքագեղձերի կողմից արտադրված թուքը։ Թքագեղձերը երեք զույգ են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային, որոնց ծորաններով օրվա ընթացքում արտադրվում է ավելի քան մեկ լիտր թուք։ Թքի մեջ պարունակվում է նաև լիզոցիմ կոչվող մանրէասպան նյութը։  Սննդանյութերը բերանի խոռոչ ընկնելիս գրգռում են ջերմային և համի ընկալիչները և մարդը զգում է սննդի համը։ Բերանի խոռոչում կարևոր դեր ունի լեզուն։ Այն սննդագնդիկը ուղղում է դեպի ատամներ, շաղախում թքով և տեղաշարժում դեպի ըմպան; Բացի այդ լեզվի վրա գտնվում են համազգաց պտիկներ, որոնք զգում են  համերը։ Լեզվի ծայրը զգում է քաղցր համը, հիմքը դառը, կողքային մասերը՝ թթու և աղի։  Սնունդը կերակրափողից անցնում է ստամոքս, որտեղ շարունակվում է սննդի մեխանիկական, քիմիական մշակումը, և առաջացած սննդախյուսն աստիճանաբար անցնում է 12-մատնյա աղիք։ Ստամոքսը պահեստատեղ է սննդի կուտակման և մարսման համար։ Այն մարսողական խողովակի ամենալայնացած հատվածն է,որի վերին բացվածքը կոչվում է ստամոքսամուտք, իսկ ստորինը՝ ստամոքսաելք և տեղակայված է որովայնի ձախ կողմում՝ ստոծանու տակ։
Չափահաս մարդու ստամոքսի տարողությունը 2-3 լ է, ընդ որում՝ տղամարդկանցն ավելի մեծ է։ Ստամոքսի լորձաթաղանթը պատված է բազմաթիվ գեղձերով, որոնք օրվա ընթացքում արտադրում են մինչև 2 լ ստամոքսահյութ։ Ստամոքսում սննդանյութը մնում է 4-6 ժամ,որի ընթացքում այն վերափոխվում է կիսահեղուկ կամ հեղուկ շիլայանման սննդախյուսի,և միաժամանակ տեղի է ունենում մարսման գործընթացը։ Ստամոքսահյութն անգույն, անհոտ, թթվային ռեակցիա ունեցող հեղուկ է, անօրգանական նյութերից պարունակում է քլորիդներ, աղաթթու, սուլֆատներ,իսկ օրգանականից՝ լորձ, ամինաթթու և ֆերմենտներ։ Ստամոքսահյութի գլխավոր ֆերմենտը պեպսինն է, որը բարդ սպիտակուցները ճեղքվում են ավելի պարզ մոլեկուլների։ Ֆերմենտը ներգործում է միայն մարմնի ջերմաստիճանի դեպքում և ուժեղ թթվային միջավայրում։ Լորձը ստամոքսի պատերը պահպանում է մեխանիկական վնասվածքից և ինքնամարսումից։ Աղաթթուն ոչնչացնում է սննդի հետ ստամոքս ներթափանցած մանրէները, ուռչեցնում սպիտակուցները՝ հեշտացնելով հետագա ճեղքումը, բարձրացնում ֆերմենտների ակտիվությունը։
Ստամոքսի պատի միջին շերտը կազմված է հարթ մկանաթելերից, որոնց կծկումների շնորհիվ սնունդը շարունակվում է շաղախվել ստամոքսահյութով։ Բացի այդ, մկանների պարբերաբար կծկման շնորհիվ ստամոքսահյութով շաղախված սնունդը տեղաշարժվում է բարակ աղիների սկզբնամաս՝ 12-մատնյա աղի։ Ստամոքսում ածխաջրերը ճեղքող ֆերմենտ չկա։ Սակայն սննդագնդիկի խորքում թքի ազդեցությամբ շարունակվում է ածխաջրերի ճեղքումն այնքան ժամանակ, մինչև այն ամբողջապես ներծծվի ստամոքսահյութով։ Ստամոքսահյութը պարունակում է նաև կաթի ճարպը ճեղքող ֆերմենտ։ Տարբեր սննդանյութերի դեպքում արտադրված հյութի քանակը և որակը տարբեր են։ Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ, որը մարսողական խողովակի ամենաերկար հատվածն է (4,5-6 մ)։ Բարակ աղիի սկզբնամասը կոչվում է տասներկումատնյա աղի, որի մեջ են բացվում լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը։ Ենթաստամոքսային գեղձը մի օրգան է, որը կազմված է երեք մասին՝ գլխիկ, մարմին պոչ։ Այն արտադրում է ենթաստամոքսահյութ, որը լցվում է բարակ աղիներ։ Նրանում է գտնվում սպիտակուցները քայքայող տրիպսին ֆերմենտը, ածխաջրերը քայքայող ամիլազ և մալթազ ֆերմենտները, լիպիդները քայքայող լիպազ ֆերմենտը, նուկլեինաթթուները քայքայող նուկլեազ ֆերմենտը և այլն։ Բարակ աղիի լորձաթաղանթում գտնվող գեղձերի կողմից արտադրվում է մեծ քանակությամբ աղիքահյութ ,որի ազդեցության տակ տեղի է ունենում սննդանյութերի հետագա մարսումը։ Այստեղ են մարսվում սննդի հիմնական բաղադրամասերից ածխաջրերը, ճարպերն ու սպիտակուցները։ Բարակ աղիում սպիտակուցները քայքայվում են՝ վերածվելով ամինաթթուների, ճարպերը՝ գլիցերինի և ճարպաթթուների, ածխաջրերը՝ գլյուկոզի։ Բարակ աղիում մարսողության գործընթացը կատարվում է 3 փուլով՝ խոռոչային, առպատային մարսողություն և ներծծում։
Խոռոչային մարսողությունը տեղի է ունենում աղիների խոռոչում ֆերմենտների ազդեցության տակ. սննդի խոշոր մասնիկները մտնում են աղիքի խոռոչ,որտեղ կատարվում է մարսողությունը։ Առպատային մարսողությունը կատարվում է աղիքի լորձաթաղանթի մակերեսային շերտում, որտեղ սննդի մասնիկները թափանցում են միջթավիկային տարածություն։ Ներծծումը բարդ ֆիզիոլոգիական պրոցես է։ Դա նյութերի փոխադրումն է մարսողական օրգաններից միջբջջային տարածություն, ապա արյուն և ավիշ։
Մարսողական օրգաններում ներծծումը տեղի է ունենում տարբեր արագությամբ և քանակով։ Բերանի խոռոչում ներծծվում են միայն որոշ դեղանյութեր, ստամոքսում՝ որոշ քանակով ջուր և նրանում լուծված հանքային աղեր, գլյուկոզ, ալկոհոլի թույլ լուծույթ։ Տասներկումատնյա աղիում ներծծումն աննշան է,քանի որ սնունդ այնտեղ երկար չի մնում։ Ներծծումը հիմնականում կատարվում է բարակ աղիքի մնացած բաժիններում։
Բարակ աղիում մարսողական հյութով շաղախված և ապա նաև մասրված սննդանյութերը տեղաշարժվում են վերևից ներքև։ Դա կատարվում է աղիքի պատի օղակաձև և երկայնակի մկանաթելերի պարբերական կծկման շնորհիվ։ Օղակաձև մկանաթելերն աղիքի մի մասն կծկվում են, իսկ հարևան տեղամասում թուլանում, և այդ ընթացքում սննդանյութերը տեղաշարժվում են կծկման հատվածից թուլացման հատվածը։
Ահա արդեն մարսված, ճեղքավորված և արյան մեջ ներծծված նյութերը մատակարարվում են բջիջներին, որտեղ տեղի է ունենում ասիմիլյացիա և դիսիմիլյացիա։ Այսինքն տվյալ նյութերից դիսիմիլյացիայի կամ էներգետիկ փոխանակության ընթացքում ստացվում է էներգիա, որի մի մասը ծախսվում է ասիմիլյացիայի կամ պլաստիկ փոխանակության վրա։ Այդ ժամանակ սինթեզվում են արդեն մեր օրգանիզմին բնորոշ օրգանական նյութեր։
Դիսիմիլյացիայի կամ կատաբոլիզմի ժամանակ բարդ օրգանական նյութերի ճեղքավորման արդյունքում անջատվում է էներգիա, որը անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար։ Օրինակ՝ գլյուկոզի ճեղքավորումը տեղի է ունենում երկու փուլով՝ գլիկոլիզ կամ անթթվածին փուլ և շնչառություն կամ թթվածնային փուլ։ Գլիկոլիզը տեղի է ունենում բջջի ցիտոպլազմայում՝ ֆերմենտների ազդեցության ներքո, առանց թթվածնի մասնակցության, իսկ թթվածնային փուլը տեղի է ունենում միտոքոնդրիումների ներսում, թթվածնի մասնակցությամբ։ Արդյունքում անջատվում է էներգիա, որի մի մասը մատակարարվում է բջջին կենսագործունեության և նոր նյութեր սինթեզելու՝ այսինքն անաբոլիզմի կամ պլաստիկ փոխանակության համար, մի մասը պահեստավորվում է ԱԵՖ-ի ձևով, մի մասն էլ ցրվում է ջերմության ձևով։
Այսպիսով՝ մենք պարզեցինք, թե ինչպես է սնունդը օրգանիզմում որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո վերածվում էներգիայի, որը հարկավոր է մեր կենսական գործընթացների իրականացման համար, որոնք եթե չիրականանան ապրելը անհնար կլինի։

Նյութը շարադրելիս օգտվել եմ իմ կենսաբանության դասագրքերից և  Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից

Комментариев нет:

Отправить комментарий