понедельник, 11 мая 2015 г.

ԻՆՉՊԵՍ Է ԳՐՎԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ԴԱՐՁԵԼ ՄԵԿ ԳԻՐՔ

Երբ նայում ենք գրադարակում դրված Աստվածաշնչին, մեզ այն թվում է բառարանի նման բավական հաստափոր մի գիրք։  Սակայն եթե վերցնենք այն, ապա կտեսնենք, որ ամենևին էլ նման չէ բառարանի։

Իհարկե, Աստվածաշունչն ընդամենը գիրք չէ։  Այն գրքերի մի ողջ ժողովածու է կազմված 66 գրքերից։

Դրանց մի մասը բավական երկար է, մի մասը՝ կարճ, մի մասը՝ շատ հին, մի մասն էլ՝ ոչ այնքան հին։ Այդ գրքերում պատմություն, բանաստեղծություն, փիլիսոփայություն, օրհներգ և նույնիսկ անձնական նամակներ ու քարոզներ կան։

Իսկ այս բազմազան գրքերն ինչպե՞ս են գրվել։ Ո՞վ է դրանք գրել։ Ե՞րբ։ Ինչպե՞ս են դրանք մեկտեղվել մի գրքում, որը մեզ հայտնի է Աստվածաշունր անվամբ։

Աստվածաշունչը բաժանված է երկու հիմնական մասերի՝ Հին Կտակարան և Նոր Կտակարան։

Ձեռագրերը թվագրվում են ՔՀ  9-10-րդ դարերից։ Դրանք Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի (հնգամատյան) կրկնօրինակներ էին։

1947թ․ հայտնաբերեցին մեռյալ ծովի մագաղաթները, որոնք հրեական կրոնական մի խմբավորման պատկանող գրադարանից մնացած հին ձեռագրեր էին (այդ խմբավորումը Մեռյալ ծովի մոտակա Քումրանու ծաղկում ապրեց գրեթե Հիսուսի ժամանակներում)։

Այս ձեռագրերը համարյա հազար տարով հին են 9-րդ դարի փաստաթղթերից։ Մեռյալ ծովի մագաղաթների մեջ կան Հին Կտակարանի բոլոր գրքերի կրկնօրինակները, բացառությամբ Եսթերի գրքի։

Քումրանի այս հին ձեռագրերը մեծ նշանակություն ունեն, որովհետև դրանց և 9-դ դարի ձեռագրերի տեքստերը հիմնականում նույնն են։ Դրանք վկայում են, որ Հին Կտակարանի տեքստը հազարամյակի ընթացքում շատ քիչ փոփոխություններ է կրել։

Շրջահայաց ընդօրինակողները աննշան վրիպումներ կամ փոփոխություններ են կատարել։ Իհարկե, երբեմն օտար բառեր և արտահայտություններ են օգտագործվում, իսկ երբեմն էլ ուղղակի անհնարին է ըմբռնել եբրայերեն բառերի ճշգրիտ իմաստը, բայց մենք կարող ենք համոզված լինել, որ ներկայիս Հին Կտակարանը հիմնականում համընկնում է դարեր առաջ գրված Հին կտակարանի հետ։

ԻՆՉՊԵՍ Է ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԸ ԴԱՐՁԵԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳԻՐՔ

Հնարավոր չէ ճշգրիտ իմանալ, թե Հին Կտակարանն ինչպես է ամբողջացել այժմ մեզ հայտնի գրքերի ժողովածուում, սակայն փոխարենը մեզ հայտնի է, թե Հիսուսի ծննդից առաջ Հին Կտակարանն ինչ գրքերից էր բաղկացած, և դժվար չէ իմանալ, թե որ գրքերն են Հիսուսն ու նրա առաքյալները համարել իրենց «Աստվածաշունչը»։

Հրեաների ավանդության համաձայն, դպիր Եզրասն է (նրա մասին պատմվում է Եզրասի գրքում) մեկտեեղել Հին Կտակարանի գրքերը, բայց առաջին հինգ գրքերի ( «Մովսեսի գրքերը» կամ Հնգամատյանը ), ինչպես նաև մարգարեների որոշ քարոզների ժողովածուներ, սաղմոսներն ու առակները շատ ավելի վաղ են գոյություն ունեցել։

Հրեաներն իրենց սուրբ գրքերը երեք մեծ խմբի են բաժանել՝ Օրենք, Մարգարեներ և Գրություններ։

«Օրենքը» բաղկացած էր Հին Կտակարանի առաջին հինգ գրքերից (Ծննդոցից մինչև Երկրորդ Օրենք)։ Թեև Ծննդոցը ոչ մի «օրենք» չի պարունակում որպես այդպիսին, սակայն այն ընդգրկվել է Օրենքի գրքերի թվում, որովհետև ենթադրվում էր, որ այդ հինգ գրքերի հեղինակը Մովսեսն է։

«Մարգարեները» ոչ միայն ներառում էին Ամեսի, Երեմիայի, Եսայու և այլոց պատումները, այլ նաև պատմական գրքերը՝ Հեսու, Դատավորներ, Ա, Բ, Գ, Դ Թագավորություններ։ Այս գրքերն ամփոփվել են սույն բաժնում, որովհետև դրանք առնչություն ունեն ոչ միայն փաստերի, այլև Աստծու կողմից պատմության նշանակության ընկալման հետ։

«Գրություների» մեջ էին մտնում Իմաստության գրքերը՝ Առակներ, Ժողովող, Հոբ, հետագայում գրված որոշ պատմական գրքեր, ինչպես՝ Եզրաս, Նեեմի, Մնացորդաց և մարգարեության մեկ գիրք՝ Դանիել։

Ակնհայտ է, որ մինչև Հիսուսի ժամանակները եբրայական Սուրբ Գիրքն արդեն բաղկացած է եղել 39 գրքերից, որոնք այժմ Հին Կտակարանն են  կազմում։ Մեր Հին Կտակարանի գրքերի մեծ մասը հիշատակված են Նոր Կտակարանի որևէ բաժնում, որից կարելի է եզրակացնել, որ Հիսուսին և Նրա աշակերտներին ծանոթ է եղել Հին Կտակարանը։

Հին Կտակարանի 39 գրքերից բացի հրեաներն ուրիշ սուրբ գրքեր էլ են ունեցել։ Հունարեն թարգմանության մեջ դրանք արժանացել են նույն հարգանքին, ինչ Հին Կտակարանի մյուս գրքերը։ Սակայն Պարականոն անունը կրող այս գրականությանն ի վերջո այնպիսի նշանակություն չեն տալիս, ինչպես եբրայերեն Հին Կտակարանի մնացած գրքերին։


ԻՆՉՊԵՍ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ

Թեև ամենավաղ ժամանակներից շատ քիչ վկայություն կա, այնուամենայնիվ, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպես է Նոր Կտակարանն իր այժմյան տեսքը ստացել։

Հրեական ժողովարանների գործունեությանը հետևեցին քրիստոնյաների առաջին հավաքները, որոնց ժամանակ կանոնավոր կերպով հատվածներ էին ընթերցվում Հին Կտակարանից։

Քանի որ նրանք Հիսուս Քրիստոսին էին պաշտում, բնականաբար, Հին Կտակարանից զատ պատմում էին նաև հատվածներ նրա կյանքից և վարդապետությունից։

Սկզբնական շրջանում այդ պատմությունները թերևս անմիջականորեն փոխանցվել են այն մարդկանց կողմից, ովքեր Հիսուսին ճանաչել են Նրա երկրավոր կյանքի ընթացքում։ Սակայն հետագայում, երբ եկեղեցիների թիվը գնալով աճեց, իսկ ականատեսները հետզհետե սկսեցին հեռանալ կյանքից, այդ պատմությունները թղթին հանձնելու անհրաժեշտությունը ծագեց։

Ահա թե ինչպես ի հայտ եկան չորս ավետարանները (Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննու), որոնք ակնհայտորեն կարևոր տեղ էին գրավում վաղ եկեղեցիների կյանքում և կատարվող պաշտամունքում։

Բացի այդ, առաքյալներն ու մյուս առաջնորդները բազում նամակներ են հղել տարբեր եկեղեցիների և անհատների։ Քանի որ այդ նամակները հաճախ էին քրիստոնեական կյանքի և համոզմունքների ուղեցույց ծառայում, ուստի շուտով գնահատվեց դրանց կարևորությունը ողջ եկեղեցու համար։

Գործք Առաքելոցն ընդունվեց որպես Ղուկասի Ավետարանի պատմության շարունակություն։ Այդ գիրքը միակն է, որ քրիստոնեության սկզբնական շրջանի մասին ամբողջական տեղեկություններ է պահպանել։

Հայտնի է որ ՔՀ 200-ական թվականներին եկեղեցին շպաշտոնապես օգտվում էր չորս Ավետարաններից և ուրիշ ոչ մի աղբյուրից, թեև Հիսուսի մասին շինծու պատմություններ և առաքյալներին հաջորդած քրիստոնյա մյուս առաջնորդների գրառումներ էին պտտվում։

Այնուամենայնիվ, եկեղեցու հիմնական հոսանքը բացահայտորեն ընդունում էր միմյայն Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննու Ավետարանները՝ որպես հեղինակային վկայություն Հիսուսի կյանքի և վարդապետության մասին։

Այդ ժամանակներում Պողոսի թղթերը նույնպես ընդհանուր առմամբ Ավետարաններին համազոր կարևորություն ունեին։

Նոր Կտակարանի մնացած գրքերը միայն հետագայում համընդհանուր ընդունելություն գտան։ Օրինակ, Հայտնություն գիրքը րկրորդ դարում անշուշտ ընթերցվում էր, սակայն մինչև երրորդ դարն այն լայն տարածում չուներ։

Եբրայեցիներին ուղղված Թուղթն  ընթերցվում էր առաջին դարի վերջերին։ Արևմտյան եկեղեցիներում այն ընդունելու համար երկար ժամանակ պահանջվեց․ այն համընդհանուր ճանաչում չգտավ մինչև չորրորդ դարը՝ մասամբ Պողոսի՝ այդ նամակի հեղինակը լինելու շուրջ եղած կասկածի պատճառով։

Պետրոս առաքյալի երկրորդ, Հովհաննես առաքյալի երկրորդ, երրորդ, Հակոբոս և Հուդա առաքյալների Թղթերի համար նույնպես երկար ժամանակ պահանջվեց, մինչև որ եկեղեցին դրանք Սուրբ Գրքի մի հիմնական մաս ճանաչեց։

Սկզբնական շրջանում Նոր Կտակարանի գրքերից օգտվում էին հիմնականում հասարակական ընթերցանության համար։ Այդ նպատակին չծառայելու դեպքում դրանց կիրառումը սահմանափակվում էր։

Ակնհայտ է, որ եկեղեցական ոչ մի խորհուրդ ինքնակամ չէր կարող վճռել, թե որ գրքերն էին կազմում Նոր Կտակարանը։ Ավելին, եկեղեցին ինչ-որ ժամանակահատվածում հայտնաբերեց, որ որոշ գրվածքներ լիակատար համընդհանուր հեղինակություն են վայելում, որոնք օգտակար և անհրաժեշտ են եկեղեցու զարգացման համար։

Լավոդիկայի (ՔՀ 363) և Կարթագենի (ՔՀ397) ժողովներում եպիսկոպոսները հաստատեցին մեր Նոր Կտակարանին համընկնող գրքերի ցուցակը՝ միայն մեկ բացառությամբ․ Լավոդիկայի ժողովի ցուցակում Հայտնության գիրքն ընդգրկված չէր։

Այս ամենից զատ՝ եկեղեցիները պետք է համոզվեին, որ վավերական այս գրվածքները, որ նրանք ընդգրկել էին Նոր Կտակարանում, արդարև առաքյալների՝ Հիսուսի ամենամտերիմ անձնավորությունների վկայությունն ու փորձն էին արտացոլում։

Комментариев нет:

Отправить комментарий