Հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, Հայկական լեռնաշխարհում, երբ դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը և հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։ Իր միջոցով կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը և բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։
Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո, այն, միևնույն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները։
Ժողովրդական պարերը մեր ժողովրդի կենցաղի հիմնական մասն են կազմել: Այդ պարերում բացահայտվել են մարդկանց տրամադրությունը, ճկունությունը, նազանքը: Ժողովրդական պարը նպաստում է տղաների և աղջիկների միջև ընկերական հարաբերությունների հաստատմանը: Դրանք դրական ազդեցություն են ունենում աշակերտների վարքի վրա, սերմանում են ուշադիր և բարեհամբույր վերաբերմունք ընկերների հանդեպ: Պարերի էսթետիկ ազդեցությունը արտահայտվում է նաև պարող երեխաների արտաքին տեսքի նրբագեղության ձգտման մեջ:
